24/01/2014 14:05
ՍԴ. ԱԺ 4 խմբակցությունների միջնորդությունը չի քննարկվել. «Դեռ օրուկես կա»
Հայաստանի Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի՝ մինչև ՍԴ-ում գտնվող գործի դատաքննության ավարտը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունը կասեցնելու մասին միջնորդությունը դեռ չի քննել: Այդ մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՍԴ մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը:
Հարցին, թե երբ կլինի նիստը, Պապիկյանը պատասխանեց, որ հայտարարվել է, որ մինչև հունվարի 25-ը կքննվի. «Դեռ օրուկես կա՝ նշանակում է, կամ այսօրվա ընթացքում կամ վաղը: Մենք անպայման կտեղեկացնենք արդյունքների մասին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշել էր մինչև հունվարի 25-ը ՍԴ-ն քննության առնել նույն օրենքի 38-րդ (կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը) և 39-րդ (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը) հոդվածների գործողության իրավաչափությունը: Հավելենք, որ Ազգային ժողովի 4 խմբակցություններ՝ «Ժառանգույթուն», «Բարգավաճ Հայաստան» , ՀՅԴ և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի «պարտադիր» բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու համար:
Խմբակցությունների դիմումի հիման վրա վարույթ ընդունված գործը Սահմանադրական դատարանը քննության կառնի մարտի 28-ին: