27/01/2014 12:07
Լևոն Արոնյան. «Հույս ունեմ գերազանցել Վիշվանաթան Անանդի ռեկորդը»
Վեյկ ան Զեեում կայացած շախմատային մրցաշարի վերջին` 11 տուրում Լևոն Արոնյանը զիջեց Լյուկ վան Վելլիին, սակայն այդ արդյունքն արդեն չէր կարող փոխել իրավիճակը մրցաշարային աղյուսակի վերնամասում: Հայ գրոսմայստերը մրցաշարի ավարտից 1 տուր առաջ արդեն ապահովել էր հաղթողի կոչումը` անհասանելի դառնալով մրցակիցների համար: Վերջնարդյունքում նա վաստակեց 8 միավոր և 1,5 միավորով գերազանցեց 2-3-րդ տեղերում հաստատված Գիրիին ու Կարյակինին:
Նշենք, որ Արոնյանը չորրորդ անգամ է հաղթում «Masters»-ի գլխավոր մրցաշարում:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի բոլոր կազմակերպիչներին, բոլոր աշխատակիցներին, կամավորներին, ովքեր հիանալի կատարեցին իրեյց աշխատանքը: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ ծափահարել նրանց,- մրցանակն ստանալուց հետո հայտարարել է Լևոն Արոնյանը:- Բոլորն արդեն գիտեն, որ սա իմ սիրած մրցաշարն է. Այստեղ յուրահատուկ մթնոլորտ է, և դա չի կարող չանդրադառնալ իմ խաղի վրա: Ես ընդհանրապես սիրում եմ Հոլանդիան, և ինձ շատ դուր եկավ խաղալ ոչ միան Վեյկ ան Զեեում, այլև Ազգային թանգարանում և Բարձր տեխնոլոգիաների համալսարանում: Դա ինձ ոգևորեց: Ինձ համար պատիվ է մասսայականացնել շախմատն այս երկրում, սեփական խաղով ցուցադրել մարդկանց, որ շախմատը հրաշալի է:
Ես երջանիկ եմ, որ այս մրցաշարում հաղթեցի չորրորդ անգամ: Հույս ունեմ, որ կգերազանցեմ Վիշվանաթան Անանդի ռեկորդը (հնդիկ շախմատիստն այդ մրցաշարում հաղթել է 5 անգամ-խմբ.): Զարմանալի է. ինձ թվում է, որ այս մրցաշարում ավելի լավ խաղացի, քան երբևէ` իմ կարիերայի ընթացքում: Զգում էի, որ խաղս ստացվում է: Միայն չմտածեք, որ վերջին տուրում չէի ցանկանում հաղթել: Շատ էի ուզում, բայց պարզվեց, որ Լյուկ վան Վելլին ավելի շատ է ուզում: Բարեբախտություն էր, որ այդ պարտիայի արդյունքն այլևս չէր կարող մրցաշարային նշանակություն ունենալ:
Եվս մեկ բան. շախմատիստներին երբեմն կախարդ են անվանում, սակայն ինձ համար իրական հրաշագործը միշտ կլինի Յերուն վան դեն Բերգը (փառատոնի տնօրենը-խմբ.): Եթե ես ցանկանայի մրցաշար կազմակերպել և դրա համար գումարներ չունենայի, ապա վան դեն Բերգին կխնդրեի, և նա դեռ կարող էր հավաքել աշխարհի լավագույն շախմատիստներին: Միայն հրաշագործը կարող է նման բան անել: Եվ նա զարմանալի թիմ ունի: Նրանք հասկանում են, թե ինչպես է պետք վերաբերվել մարդկանց»: