28/01/2014 19:31
77-ամյա հայ ծերունին կորել է. Ըստ ադրբեջանցիների՝ նա թշնամու տարածքում է
Հայաստանի քաղաքացու կողմից հայադրբեջանական սահմանի հատման փաստ է արձանագրվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ «ԱՊԱ» լրատվական գործակալության՝ Ադրբեջանի Պատանդների, անհայտ կորածների և գերիների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտնել է, որ մոտ 65-ամյա Հայաստանի (Խոջայան Մամիկ Տիգրանի) քաղաքացուն գետն անցնելիս Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչները նկատել ու հանձնել են ադրբեջանցի զինծառայողներին: Ըստ աղբյուրի՝ դեպքը գրանցվել է 16.00ի սահմաններում:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ գերեվարված տղամարդը «հայկական դիվերսիոն խմբի անդամ է և եղել է զինված»:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ին հաղորդեց, որ հայադրբեջանական սահմանի այդ հատվածում տեղակայված մարտական դիրքերից որևէ զինծառայող չի բացակայում, հավելելով, որ եթե նույնիսկ մարդ է հատել սահմանը, ապա նա զինծառայող չէ:
Aysor.am-ը փորձեց կապ հաստատել նաև սահմանամերձ գյուղերի գյուղապետերի հետ` փորձելով ճշտել, թե արդյո՞ք տեղեկատվություն ունեն վերոնշյալի վերաբերյալ:
Վերին Կարմիր Աղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք գյուղում «նման անուն ազգանունով մարդ ունեն ու հիմա նա գյուղում չի, իրենք զբաղված են վերջինիս փնտրտուքով»` խոստանալով մանրամասներ հաղորդել ավելի ուշ:
Aysor.am-ը կապվեց նաև ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանի հետ, պարզելու, թե արդյոք տեղեկություն ունեն Տավուշի սահմանամերձ գյուղերից որևէ մեկում անհետ կորած քաղաքացու մասին:
Վերջինս տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ, Վերին Կարմիր Աղբյուր գյուղում փնտրում են Մամիկոն Տիգրանի Խոջոյանին (ադրբեջանական աղբյուրները հաղորդել էին` Խոջայան Մամիկ Տիգրանի), ում վերջին անգամ տեսել են 14.0015.00ի սահմաններում` քառասունքի արարողության ժամանակ:
Ա. Մալխասյանի տեղեկացմամբ` Մ. Խոջոյանը երեք որդի և երեք դուստր ունի, սակայն բնակվել է միայնակ:
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ նա առողջական խնդիրներ է ունեցել (հոգեկան) և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության տակ:
Ավելի ուշ Ա. Մալխասյանից տեղեկացանք, որ գյուղում ոստիկաններին հաջողվել է պարզել, որ հովիվներից մեկը Խոջոյանին (ծնված 27.11.37 թիվ) տեսել է սահմանի Մաֆլար կոչվող վայրում (սահմանից մոտ 2.2 կմ հեռու): Չնայած մառախլապատ եղանակին, Խոջոյանը նշել է, որ գնում է մոշ քաղելու. դրանից հետո նրան ոչ մեկ այլևս չի տեսել:
Ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական կայքը միջադեպի առնչությամբ լուսանկարներ է հրապարակել, որոնք կայքին են փոխանցել Ալիբեյլի գյուղի բնակիչները: Այս կապակցությամբ Ա. Մալխասյանը նշեց, որ Խոջոյանին վերջին անգամ տեսնողները հաստատում են`վերջինս այնպիսի հագուստներ է կրել, որոնք ներկայացված են ադրբեջանական լուսանկարում: