30/01/2014 10:26
Կառավարության հաստատած ՄՄ ճանապարհային քարտեզը ռուսերեն է եղել
ՀՀ կառավարության վերջին նիստում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը հաստատելուց հետո և' վարչապետ Տիգրան Սարգսյանը, և' ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խոստացան փաստաթղթի տեքստը հրապարակել երկու օրից, նրանց խոսքով՝ դեռևս կային որոշ խմբագրական ճշգրտումներ, որոնք պետք է արվեին երկու օրերի ընթացքում։ Կառավարության՝ հունվարի 23-ի նիստից անցել է 6 օր, սակայն ճանապարհային քարտեզը չկա ու չկա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդին» տեղեկացրել են, որ փաստաթուղթը դեռ ռուսերենից հայերեն է թարգմանվում, և առաջիկա օրերին այն կհրապարակվի։ Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է ոչ թե ՀՀ պետական լեզվով՝ հայերենով գրված, այլ ռուսերեն փաստաթուղթ։ Ըստ նախարարության՝ արագ լինելու համար փաստաթուղթը գրվել է ՄՄ աշխատանքային լեզվով: