01/02/2014 12:33
Վրաստանում ձերբակալել են օֆշորային սկանդալի հերոսներից Աշոտ Սուքիասյանին
ՀՀ ոստիիկանությունը ՀՀ Ինտրեպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերել և ձերբակալել է Աշոտ Սուքիասյանին: Այս մաիսն Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է Սուքիասյանի էքստրադիցիայի հարցը:
Սուքիասյանը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել hetq.am-ի օֆշորային սկանդալի մասին հրապարակումից հետո: Նախաքննական մարմինը 2013 թվականի հունիսի 17-ին Աշոտ Սուքիասյանին կալանավորելու որոշում էր կայացրել ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել: Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խոշոր չափի խարդախությունն, առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի պատճառում, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում: