04/02/2014 16:37
Վայոց ձորի մարզում նախորդ տարի 7 մլրդ դրամի ներդրում է կատարվել
Վայոց ձորի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին ներկայացվեցին 2014թ. մարզում իրականացվելիք ծրագրերն ու 2013թ. կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, քաղաքային համայնքների ղեկավարներ, Տարածքային կառավարման նախարարության և մարզպետարանների պատասխանատուներ:
Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսվել է 47 միջոցառում, որից իրականացվել է 36-ը, 7-ն ընթացքում է: 2013թ. մարզում ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 7 մլրդ դրամի ներդրում, որից 3,8 մլրդ դրամն ուղղվել է ենթակառուցվածքների, 2,2 մլրդ դրամը` սոցիալական ոլորտներին, 613 մլն դրամը` ՓՄՁ և մասնավոր հատվածին, 126 մլն դրամը` գյուղատնտեսությանը:
Մարզի համայնքների բյուջեների 2013թ.ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 101%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 17,3 %-ով կամ 194,4 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 104,7 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 42 %-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 99,3 %-ով, գույքահարկինը` 110,2%-ով: Փոխվարչապետը դրական գնահատելով հավաքագրումների ցուցանիշները` պատասխանատուներին հորդորեց շարունակել այդ ուղղությամբ մշտական հետևողական աշխատանքները:
Քննարկվեցին նաև մարզի համայնքների 2014թ. բյուջեների կատարմանը, մարզպետարանների և համայնքային ենթակայության հիմնարկներում, համայնքապետարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, մարզի համայնքներում 2013թ. կատարված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող և ընթացիկ մի շարք այլ հարցեր: Զեկուցվեց, որ մարզի 44 համայնքից Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ է ներդրված 17 համայնքում:
Խորհրդակցությունից հետո փոխվարչապետը մարզպետ Է. Ղազարյանի և Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ այցելեց Ազգային արխիվի մարզային մասնաճյուղ, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Նշվեց, որ Ջերմուկում և Վայքում նախկինում գործող տարածաշրջանային մասնաճյուղերի լուծարումից հետո բոլոր աշխատանքներն իրականացնում է մարզային մասնաճյուղը, որի շենքային պայմանները բավարար չեն` հանրությանը պատշաճ ծառայություններ մատուցելու համար: Տեղում քննարկվեց մարզային մասնաճյուղին լրացուցիչ տարածքի տրամադրման հնարավորությունը: