06/02/2014 16:53
Հարգարժան պարոն Մինասյանը հոդված դրեց վրաս. Ռոբերտ Նազարյան
Իր լիցենզիայի համաձայն, Որոտան ՀԷԿ-երի համալիրն այս պահին շարունակում է արտադրել էլեկտրաէներգիա: Ազգային ժողովի այսօրվա նիստում, պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, այս մասին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Համաձայն Հայաստանի օրենքների, շարունակեց խոսքը, ՓԲԸ-ն կիրականացնի իր լիցենզավորված գործունեությունը մինչև որ ամերիկյան ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում կձևակերպվի համալիրի գույքի սեփականության իրավունքը, այնուհետ. «Ամերիկյան ըննկերությունը կդիմի լիցենզիա ստանալու հայտով: ՓԲԸ-ի լիցենզիան կդադարեցվի և նույն օրն այն կտրամադրվի նոր ընկերությանը, և բնականոն աշխատանքը չի խաթարվի»:
Ի դեպ, Ռոբերտ Նազարյանը վիրավորվեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթից:
Նշենք, որ Ա. Մինասյանը Որոտանի կասկադի վաճառքի գործարքն անվանեց հակաօրինական գործարք, և Քրեական օրենսգրքով 8-10 տարվա պատիժ է հասնում այս հանցագործության համար: Ու թեև պատգամավորը հայտարարել էր, որ իր ասածը Ռոբերտ Նազարյանին չի վարեբերում, սակայն վերջինս իր ելույթում պատասխանեց պատգամավորին:
«Ես հասկացա, որ ինձ էր ասում, էս ռադիոն էլ հարյուր հազարավոր մարդիկ են լսում, գուցե նրանք էլ իմ պես հասկացան»,- ասաց Ռ. Նազարյանը:
Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ԱԺ-ն նման լիազորություն չունի. «Պարոն Նազարյան, հանգիստ եղեք»:
«Չունի, բայց հարգարժան պարոն Մինասյանը հոդված դրեց վրաս»,- ասաց Ռ. Նազարյանը:
Նախորդող հրապարակում՝ «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքը վաճառվեց