06/02/2014 10:03
Վանաձորի մի շարք դպրոցներում ջեռուցում չկա. Դասերը դադարեցրել են
Վանաձոր քաղաքի կեսից ավելին արդեն 3-րդ օրն է` զրկված է գազամատակարարումից: Չնայած պարբերաբար «Գազպրոմ-Արմենիայի» կողմից տարածված հաղորդագրություններին, որոնց մեջ ընկերությունը գազի վերականգնման տարբեր ժամանակահատվածներ է նշում, այնուամենայնիվ երեկ ժամը 22:30-ի դրությամբ, բնակչությունը դեռ գազ չուներ:
«Հրապարակի» հետ զրույցում Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանն ասել է, որ այն դպրոցներում, որտեղ չեն կարողանում նորմալ ջերմաստիճան ապահովել, դադարեցրել են դասապրոցեսը:
Թերթը զրուցել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, ով նշել է, որ ինքն անձամբ հետևում է աշխատանքներին` հանձնարարել է համատիրություններին և թաղամասային հիմնարկներին, որ բնակիչներին օգնեն հալեցնել սառած խողովակաշարերը «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը «Հրապարակի» հետ զրույցում ժամը 21:00-ին հայտնեց, որ աշխատանքները մեծ հաշվով արդեն ավարտված են և, հավանաբար, մինչ 24:00-ն գազամատակարարումը կվերականգնվի: