07/02/2014 16:40
Օֆշորի գործ. Փաստաբանը գաղտնի է պահում Սուքիասյանի հետ զրույցի մանրամասները
Օֆշորային սկանդալի գործով ձերբակալված Աշոտ Սուքիասյանի փաստաբան Իրակլի Գաբրինդաշվիլին խնդրել է Վրաստանի դատախազությունից, ինչպես նաև Հայաստանում գտնվող որոշ անձանց, իրեն տրամադրել այս գործով առկա տեղեկությունները: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ ինքը այսօր հանդիպել է Ա. Սուքիասյանի հետ և զրուցել գործի վերաբերյալ, սակայն չի կարող մանրամասնել, թե ինչ, քանի դեռ ամբողջությամբ չի ծանոթացել գործին:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ նա չի ցանկանում, որ Վրաստանի իշխանությունները իրեն հանձնեն Հայաստանին, փաստաբանը ասաց, որ դեռևս այդ մասին չի կարող խոսել:
Նա միայն ասաց, որ Ա. Սուքիասյանը իրեն նորմալ է զգում:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը ՀՀ Ինտրեպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերել և ձերբակալել է Աշոտ Սուքիասյանին:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն:
Հանձնման մասին միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում: Հաղորդում են գլխավոր դատախազությունից:
Նախորդող հրապարակում՝ Գլխավոր դատախազությունը դիմել է Աշոտ Սուքիասյանին հանձնելու միջնորդությամբ
Վրաստանում ձերբակալել են օֆշորային սկանդալի հերոսներից Աշոտ Սուքիասյանին