07/02/2014 15:00
Հ. Պողոսյան. Այս տարի մշակութային օջախների պահպանության հարցը առաջնահերթ է
2014 թվականին լրանում է Կոմիտասի 145-ամյակը: Սեպտեմբերին այս առիթով մի շարք տոնական միջոցառումներ են նախատեսված: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ կբացվի նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Թանգարան-ինստիտուտի շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Այն տեղեկայված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգի-պանթեոնում:
Նախարարը նշեց, որ այս տարի մշակութային օջախների պահպանության հարցը նախարարության աշխատանքի առաջնահերթություններից մեկը կլինի՝ հավելով, որ քայլ առ քայլ վերանորոգվում են մշակութային հաստատությունները:
Անդրադառնալով Սոս Սարգսյանի անվան թատրոնի շենքի կառուցման հարցին, նախարարն ասաց, որ դրա համար միջոցներ պետք է հավաքվեն: Խնդիրն այն է, որ պետական միջոցներ հատկացվել են, բայց դա բավարար չէ, ուստի լրացուցիչ գումար է հարկավոր:
Հասմիկ Պողոսյանը նշեց, որ նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են:
Իսկ մնջախաղի թատրոնի շենքի կառուցմանը վերաբերող հարցին, նախարարը պատասխանեց, որ դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու՝ հավելելով, որ այդ թատրոնի հարցը ամենաառաջնահերթը չէ և այլ ավելի կարևոր հարցեր կան: