07/02/2014 15:38
«Եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, ՌԴ-ն զորք կմտցնի Ադրբեջան»
Հեղափոխության համար ժողովուրդը միշտ էլ պատրաստ է, ուղղակի առաջնորդող ուժ է պետք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակից, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Միաժամանակ Մանուչարյանն ընդգծեց, որ ինքն էլ դեռ չգիտի թե ով կլինի այդ ուժը՝ կլինի նախաձեռնություն, կուսակցություն, թե՝ կազմակերպություն.
«Հիմա պարզ է միայն մի բան՝ ժողովուրդը պատրաստ է ընդվզման ամեն վայրկյանի: Ելքը միակն է՝ համընդհանուր շարժում կազմակերպել»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Նա ընդգծեց, որ ներքաղաքական կյանքը զգալիորեն կախված է մի շարք արտաքին գործոններից:
Անդրադառնալով վերջին շրջանում սահմանին տիրող իրավիճակին՝ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեն՝ Ռուսաստանն անմիջապես զորքեր կմտցնի Ադրբեջան.
«Ընդ որում, Ռուսաստանը կգնա այդ քայլին ոչ թե հանուն Հայաստանի, որպես իր գործընկեր, այլ՝ որովհետև առիթ է փնտրում Ադրբեջանում իր հակառակորդներին վերացնելու և այդ երկիրը հսկողության տակ վերցնելու համար»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: