10/02/2014 13:08
Դանակահարություն՝ Նոր Նորքում. Տղամարդը գիտակցության չգալով մահացել է
Փետրվարի 8-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի թափանցող վերք, կրծքավանդակի հետին պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ Նոր Նորքի 5-րդ զանգվածից բուժօգնության է տեղափոխվել 30-40 տարեկան տղամարդ` ալկոհոլ օգտագործած վիճակում:
Ըստ բժշկի տեղեկանքի` տղամարդն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Փետրվարի 9-ին, ժամը 09.40-ին, նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Պարզվել է, որ նա 1978 թ. ծնված Վարդան Մանուկյանն է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 8-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Վ. Մանուկյանին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1976 թ. ծնված Ակսել Ն.-ն:
Ժամը 12.30-ին Ակսել Ն.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: