10/02/2014 18:53
Ֆիլհարմոնիկը համերգային տարին կսկսի «Տոսկա» օպերայի համերգային կատարումով
Փետրվարի 11-ն և 13-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Ջակոմմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի համերգային կատարումով. Հայաստանում այն հնչել է ավելի քան 40 տարի առաջ: Գլխավոր դերերգերով հանդես կգան Հասմիկ Պապյանը (սոպրանո, Տոսկա), Հովհաննես Այվազյանը (տենոր, Կավարադոսի), Դավիթ Բաբայանցը (բարիտոն, Սկարպիա) և Հրանտ Պապյանը (բաս, Անջելոտտի), դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: Համերգին կմասնակցեն նաև «Հովեր» պետական կամերային և «Սպեղանի» երգչախմբերը:
Փետրվարի 19-ին, ժամը՝ 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ նվիրված հանրահայտ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի հիշատակին: Համերգին կմասնակցեն ՀՀ Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բազենցը (Գերմանիա), Նարինե Անանիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը, ինչպես նաև` Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը:
Փետրվարի 28-ին, ժամը՝ 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Հանս-Պետեր Դոթի ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան. ջութակի մենանվագով հանդես կգա Անուշ Նիկողոսյանը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Իսրայել Յինոնը (Գերմանիա): Երկրորդ բաժնում կհնչի Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան: