11/02/2014 11:50
Այսօր լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը դարձավ 85 տարեկան (Տեսանյութ)
Այսօր աշխարհի, Եվրոպայի, Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային կարգի մրցավար, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ալբերտ Ազարյանը դարձավ 85 տարեկան:
Ազարյանը ծնվել է 1929թ.՝ Գանձակում:
1939թ. տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947թ.` Երևան։ 1944թ. հոր մահից հետո աշխատել է որպես դարբնի աշակերտ` զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց:
Սպորտով Ազարյանը սկսել է զբաղվել 1946թ.-ից: Նախ հետաքրքրվել է ըմբշամարտով ու ծանրամարտով, ապա՝ Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում սովորելուն զուգահեռ Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը սկսում է զբաղվել սպորտային մարմնամարզությամբ։
1952թ.-ին Ազարյանն առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1954թ. ԽԱՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։
1955թ. Արլ. Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ` օղակներից և զուգափայտից։ 1956թ. Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։
1958թ. Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին` նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում` օղակներից։
1960թ. Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1961թ. ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։
1963թ. մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ` օղակներից ու պտտաձողից, և դարձել բացարձակ չեմպիոն:
Ընդհանուր առմամբ Ալբերտ Ազարյանը նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։