11/02/2014 19:51
Օպերայի աշխատակիցների այլընտրաքային ֆինանսավորման հարցը կքննարկվի
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը այսօր մեկ անգամ ևս հաստատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի՝ ս. թ. հունվարի 1-ից աշխատավարձերի 20%-ով բարձրացման մասին: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հարցմանը ի պատասխան հայտնել են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից:
«Այսօր, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել պարզաբանումներ:
Այնուհետև, նախարարի տեղակալը մեկ անգամ ևս հաստատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի՝ ս. թ. հունվարի 1-ից աշխատավարձերի 20%-ով բարձրացման որոշումը և նշել, որ թատրոնի ֆինանսատնտեսական բաժնի կողմից կատարվող վերահաշվարկի ավարտից հետո ստեղծագործական կազմը կստանա ավելացված աշխատավարձը: Միևնույն ժամանակ, Ա. Պողոսյանը տեղեկացրել է, որ ս. թ. հուլիսի 1-ից «Հայաստանի Հանրապետության 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն նախատեսվում է մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում:
Ա. Պողոսյանը հայտնել է նաև, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական և այլ ծրագրերի այլընտրանքային ֆինանսավորման հարցը կքննարկվի լրացուցիչ:
Հայտնում ենք, որ վերոնշյալ հարցերի վերաբերյալ թատրոնի տնօրինությունը ժամանակին և պատշաճ կերպով իրազեկվել է»,-ասված է նախարարության պատասխանում:
Հիշեցնենք, որ երեկ թատրոնի աշխատակիցները «Անուշ» օպերայի ներկայացման ժամին ոչ թե բեմ էին դուրս եկել, այլ միացել էին բակում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային:
Օպերային ներկայացման տոմսերը գնած հանդիսատեսը նույնպես ստիպված է եղել լքել դահլիճը։
Նրանք տեղեկացրել էին, որ իրենց աշխատավարձերից գանձել են պարտադիր կուտակային կենսաթոշակի 5 % վճարները։
Հանդիսատեսը ոչ միայն չէր դժգոհել, այլև ողջունել է անձնակազմի քայլը ծափահարություններով։ Ներկայացման տոմսերի գումարը վերադարձրել էին։
Նախորդող հրապարակում՝ Սկանդալ. «Անուշ» օպերայի անձնակազմը միացավ «Դեմ եմ»-ին (տեսանյութ). News.am