11/02/2014 11:32
6 հայկական գինեգործական կազմակերպություններ մասնակցում են Պրոդէքսպո-2014-ին
Այսօր Մոսկվայում մեկնարկում է «ՊրոդԷքսպո-2014» ամենամյա սննդի, խմիչքների և դրանց արտադրության հումքի 21-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են նաև հայկական վեց կազմակերպություններ` «Սեմինա Քընսալթինգ, «Մանչո Գրուպ, «Մեծ Սյունիք», «Մարան», «Հին Արենի» և «Անուշ-1» ընկերությունները: Գինեգործները հանդես կգան միասնական հայկական տաղավարում՝ «Հայաստանի գինիներ» խորագրի ներքո և կներկայացնեն «Արմավիր Վինյարդս», «Աստաֆյան», «Մաթևոսյան Վայն», «Մարան, «Հին Արենի», «Դոմեն Ավետիսյան» ապրանքանիշերը:
Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական և համաֆինանսավորման աշխատանքներն իրականացնում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդունաբերական զարգացման հիմնադրամը:
«Պրոդէքսպոն» համարվում է Ռուսաստանի Դաշնության և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսը, որը հնարավորություն է ստեղծում նոր գործարար կապերի հաստատման, ոլորտի նորություններին և զարգացման միտումներին ծանոթանալու համար: «Պրոդէքսպո-2014» կունենա 2300 մասնակից 63 երկրներից և 35 ազգային տաղավար ու կավարտվի փետրվարի 14-ին: