12/02/2014 17:27
Վարչապետը և ԻԻՀ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Այդ մասին հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է դեսպանին և Իրանի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առթիվ և մաղթել հաջողություններ:
«Այս հանդիպումները ծառայում են մեր երկու ժողովուրդների բարեկամության ընդլայնմանը, և մենք պարտավոր ենք հետևողականորեն իրականացնել տնտեսական համագործակցության համատեղ ծրագրերը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Դեսպան Ռեիսին նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, և Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր, և հատկապես էներգետիկայի ու տարանցիկ փոխադրումների ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական առևտրատնտեսական կապերի օրակարգին (էներգետիկա, զբոսաշրջություն, ենթակառուցվածքների զարգացում) առնչվող հարցերի լայն շրջանակ: Արծարծվել են, մասնավորապես, ընթացիկ՝ Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև նախագծային փուլում գտնվող՝ Հայաստան-Իրան երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի շինարարության ծրագրերին վերաբերող մանրամասներ: Վարչապետը նշել է, որ այս ծրագրերը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են և կգործադրվեն բոլոր ջանքերը՝ դրանց իրագործման համար:
Նշվել է նաև, որ ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի Թեհրանում, որն էլ հնարավորություն կտա քննարկել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությունները:
Համագործակցությանը նոր լիցք հաղորդելու առումով երկուստեք կարևորվել են բարձր մակարդակով պաշտոնական փոխայցերը: Պարոն Ռեիսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և Իրան այցելելու հրավերը:
Նախորդող հրապարակումներ՝ ԱԺ նախագահը Իրանի դեսպանատանը մասնակցել է Իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված ընդունելությանը
Դեսպան. Իրանի նախագահ Հասան Ռոհանին շուտով կայցելի Հայաստան
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին