12/02/2014 09:19
Ոչ իշխանական ուժերը վարչապետի թեկնածու չունեն
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ այսօր որոշում են կայացնելու Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցի վերաբերյալ, վարչապետի սեփական թեկնածու չունեն։ Համենայնդեպս, «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում հրաժարվել են կոնկրետ անուններ շրջանառել։
Ինքը՝ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը, թերթի հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն անվստահություն հայտնելու այս գործընթացին, երեկ իր մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի միջոցով փոխանցել է հետևյալը. «Առաջին անգամ չէ, երբ ընդդիմությունը փորձում է օգտագործել այդ գործիքը, ինչը նրանց իրավունքն է»։
«Նա, ինչպես երևում է, անհավանական է համարում խորհրդարանական չորս ուժերի համախմբումը տվյալ հարցի շուրջ։ Բայց, ինչպես ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք։ Թեև երեկվա դրությամբ առավելությունը, կարծես թե, վարչապետի կողմն էր»,- գրել է թերթը: