13/02/2014 09:57
Սամվել Բալասանյանը Վարդանիկի դստերն ազատել է աշխատանքից
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես խոստացել էր, անցել է պատժի իր միջոցներին։ Հիշեցնենք, որ նա իր առանձնատան մոտ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի կողմից հնչած սպառնալիքներից հետո ասել էր, որ եթե համապատասխան մարմիններն այս անգամ էլ չզբաղվեն խնդրով, «ես կանցնեմ պատժի միջոցների, ոչ մեկը չկասկածի»։
Եվ այսպես, «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Բալասանյանի հրամանով Վ. Ղուկասյանի դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ազատվել է Գյումրու արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնից։ «Ժողովուրդի» հետ զրույցում Մանյայի քույրը՝ Աննան, հաստատել է տեղեկությունը։
«Փետրվարի 5-ին քաղաքապետարանի աշխատակիցը գնացել է դպրոց և հայտնել, թե Սամվել Բալասանյանն ասել է՝ այս դեպքերից հետո դիմումդ գրի։ Այդ տիպի մարդու հետ աշխատելն անիմաստ էր։ Տղամարդն ընկնի աղջկա հետևի՞ց, գյումրեցուն ոչ հարիր պահվածք է»,- դժգոհել է Ղուկասյանի դուստրը՝ տեղեկացնելով, որ քույրն ազատման դիմումի մեջ Բալասանյանին մաղթել է չարությունը հանել, բարիանալ: