15/02/2014 11:11
Նախարարություն. Օպերայի խնդիրներն ուսումնասիրելու համար խմբեր են ստեղծվել
Ինչպես հայտնել էինք, նախօրեին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր հանդիպել է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացած Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հետ:
Aysor.am-ի հարցմանն ի պատասխան նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ Հանդիպման ընթացքում Հ. Պողոսյանը մանրամասը ներկայացրել է վերջին տարիների օպերային թատրոնի գործունեության ուղղությունները և զարգացման փուլերը, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացման միտումները՝ ընդհուպ մինչև 2014 թվականը:
«Հանդիպմանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի կողմից հնչել են բազմաբնույթ հարցադրումներ, որոնց լուծման զգալի մասը գտնվում է թատրոնի ներքին կանոնակարգման տիրույթում: Հանդիպման առանցքային թեմա հանդիսացող աշխատավարձների բարձրացման և ընթացիկ ստեղծագործական այլ հարցերի վերաբերյալ նախարարը տվել է մանրամասը պարզաբանումներ և լսել առաջարկներ:
Հաշվի առնելով, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի զարգացման առաջնահերթությունները, քննարկվել է թատրոնի ստեղծագործական ծրագրերի այլընտրանքային ֆինանսավորման անհրաժեշտության հարցը:
Ելնելով հնչեցված հարցադրումների ուղղություններից՝ փետրվարի 13-ին, նախարարի հրամանով ստեղծվել են աշխատանքային 7 խմբեր՝ թատրոնի կառուցվածքի և անձնակազմի, վարձատրության, տարիֆիկացիայի, կառավարման, խաղացանկային քաղաքականության, սուբսիդիաների, տնտեսական հարցերի ուսումնասիրման և վերլուծության նպատակով:
Կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա կմշակվի ընթացիկ խնդիրների լուծման ամբողջական փաթեթի առաջարկ և թատրոնի զարգացման հայեցակարգ»,-ասված է նախարարության պատասխանում:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին «Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել էր ներկայացումն ու բեմ դուրս չէր եկել: Օպերայի աշխատակիցներն հաջորդ օրը ցույց էին արել՝ պահանջելով իրենցից չգանձել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի վճարները և բարձրացնել աշխատավարձերը:
Նախորդող հրապարակում՝ Մշակույթի նախարարը հանդիպել է պարտադիրի դեմ բողոքող Օպերայի աշխատակիցներին
Օպերայի աշխատակիցների այլընտրաքային ֆինանսավորման հարցը կքննարկվի
Սկանդալ. «Անուշ» օպերայի անձնակազմը միացավ «Դեմ եմ»-ին (տեսանյութ). News.am