17/02/2014 11:41
«Ալիշան» ՍՊԸ-ն կրճատել է 50 աշխատակցի. «ՀայՌուսգաարդը» շոու է անում»
«Ալիշան» ՍՊԸ պահածոների արտադրության հիմնադիր – սեփականատեր, տնօրեն Սերժիկ Մոսեսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գազի դիմաց գոյացած պարտքի պատճառով արդեն կրճատել է գործարանի 50 աշխատակիցների և եթե այսպես շարունակվի, ստիպված կլինի բոլորին հեռացնել:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Ս. Մոսեսյանը հայտարարել էր, որ «ՀայՌուսգազարդ» ՍՊԸ-ից ստացել է 1 միլիոն 906 հազար 608 դրամ պարտքի վերաբերյալ ստացական՝ 3 օրվա ընթացքում վճարելու ժամկետով:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ս. Մոսեսյանը հայտնել էր, որ «Ալիշան» ՍՊԸ-ի և «ՀայՌուսգազարդի» հետ խնդիրները սկսվել են 4-5 ամիս առաջ: Ընկերությունը, օգտագործված գազի դիմաց վճարել է 3 մլն 600 դրամ, սակայն համարելով, որ ապօրինի է և իրական ծախսին չի համապատասխանում, դիմել է «ՀայՌուսգաարդին», որպեսզի վերանայեն և հաշվարկեն գազի իրական ծախսը, փոխարենը նոյեմբերի 26-ին անջատել են ընկերության գազը: Տնօրինությունը ստիպված է եղել վճարել դեկտեմբրի 9-ին, սակայն այս անգամ ճնշումը հասցրել են 300-ի, որի պարագայում, ինչպես ասաց բանախոսը, կաթսաները կարող էին պայթել:
«Մեր գործարանը արդեն 10 օր է՝ չի աշխատում, 4-5 հոգի ենք մնացել, քանի որ պահեստում դեռ աշխատանք կա»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ կապված մի քանի դիմում է ներկայացրել պաշտոնական օղակներին, սակայն չցանկացավ մանրամասնել, թե հատկապես որտեղ:
««ՀայՌուսգազարդը», ընդհանուր հաշվարկով՝ մեզանից 160 հազար խմ ավելի գազի գումար է պահանջում, ինչը կազմում է մոտ 15 մլն դրամ: Սա շարունակվում է 2003 թ., սակայն վերջին 3 տարիներին ավելացրել են գինը, երևի կարծելով, որ սփյուռքահայի հետ գործ ունեն: Մենք բազմիցս դիմել ենք և եկել են ընկերության մարզային պատասխանատուները, սակայն տվել են լղոզված, անորոշ պատասխաններ»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է մասնակցել այսօր նշանակված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ասուլիսին, նա պատասխանեց.
«Ոչ, ես ի՞նչ գործ ունեմ, մենք իրենց 3 անգամ հրավիրել ենք ասուլիսի, սակայն նրանք չեն ներկայացել, սա շոու է իրենց կողմից՝ իրենց արդարացնելու համար»,- ասաց նա:
Ս. Մոսեսյանը ասաց, որ պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պատճառով իր կրած վնասների փոխհատուցման համար:
Նախորդող հրապարակում՝ Սեփականատեր. «ՀայՌուսգազարդը» պատրաստ է իր սխալի համար գործարանս պայթեցնել
«Ալիշան» ՍՊԸ տնօրեն. «ՀայՌուսգազարդը» պահանջում է 1 մլն 906 հազար դր.