17/02/2014 13:35
Եվգենի Պլյուշչենկո. «Ինձ ստիպեցին մասնակցել մրցումներին»
Գեղասահքում օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, ով վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել Սոչիի Օլիմպիական խաղերի տղամարդկանց անհատական մրցաշարին, ասել է, որ դեռ թիմային մրցումներից առաջ է խնդրել իրեն փոխարինող գտնել: Պատճառների մասին, որոնց հետևանքով փոխարինում չի կատարվել, Պլյուշչենկոն խորհուրդ է տվել հարցնել ՌԴ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովից:
- Ես չեմ կարող հիմա բացատրել, թե ինչ է կատարվել,- Պլյուշչենկոյի խոսքերը մեջբերել է CNN-ը:- Բայց եթե հարց ուղղեք Ռուսաստանի Դաշնության գեղասահքի ֆեդերացիայի նախագահին, նա ձեզ ամեն ինչ կպատմի: Կբացատրի, թե ինչու էի ես փորձում դուրս գալ սառույցի վրա, և ինչու մյուս գեղասահորդները դա չէին անում:
- Դուք ուզո՞ւմ էիք մասնակցել մրցումներին:
- Իհարկե, ուզում էի: Բայց, ինչպես հայտնի է, մենք իրավունք ունեինք հայտավորել միայն մեկ գեղասահորդի, որովհետև տղաները, ովքեր անցած տարի մասնակցել էին աշխարհի առաջնությանը, զբաղեցրել էին 15-րդ և 17-րդ տեղերը:
- Այլ կերպ ասած` Ձեզ ստիպեցի՞ն մասնակցել, ինչպիսի մարզավիճակում էլ որ լինեիք, քանի որ ոսկե մեդալ նվաճելու ավելի մեծ հնարավորություններ ունեիք:
- Հենց այդպես: Հաստատ:
- Բայց դա արդա՞ր է:
- Ինչպես ասացի, ես ձգտում էի: Հասկանո՞ւմ եք, ամեն ինչ անում էի դրա համար: Երբ մասնակցում էինք թիմային մրցումներին, բոլորը հասկանում էին, որ մենք կարող ենք արծաթե կամ բրոնզե մեդալ նվաճել: Սակայն դարձանք առաջինը: Թիմային մրցաշարում հաղթեցինք Օլիմպիական խաղերում:
Հետո ֆեդերացիայում ինձ հարցրեցին. «Ուզո՞ւմ ես շարունակել ելույթները: Ինչպե՞ս ես քեզ զգում»: Պատասխանեցի, որ ինձ այնքան էլ լավ չեմ զգում: Խնդիրներն առաջացել էին դեռ թիմային մրցումների ժամանակ: Այն ժամանակ երկու ցատկ չկատարեցի, որովհետև մկանային ցավեր ունեի: Եվ ես ֆեդերացիայում ասացի, որ միգուցե ավելի լավ կլինի, եթե անհատական մրցաշարին մեկ ուրիշը մասնակցի: Խնդրեցի, որ այդպես լինի:
- Իսկ նրանք ի՞նչ ասացին:
- Ասացին` ինչ եղել է, եղել է:
- Այսինքն` Ձեզ հանձնարարեցին մասնակցե՞լ:
- Այո: