20/02/2014 16:31
Մշակվելու է Հայաստանի ազգային բրենդը
Այսօր գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրին, որի իրականացմամբ պետք է զգալիորեն բարձրանա երկրի ընդհանուր մրցունակությունը: Ձեռնարկվելիք միջոցները նպաստելու են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների արագ աճի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել առաջիկա 4 ամսվա ընթացքում համալիր ծրագիր կազմել և այդ փաստաթղթում ընդգրկել նշված հարցի քննարկմանը նվիրված վերջին խորհրդակցության ժամանակ արված առաջարկությունները:
Հայաստանի ազգային բրենդը մշակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել 62 մլն դրամ: Նախարարին հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասը` 225 հազար ԱՄՆ դոլարը, այլ աղբյուրներից ապահովելու պայմանով: