20/02/2014 16:38
ՀԱԿ-ը ստորագրահավաք կսկսի՝ մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու համար
Երկուշաբթի օրը ՀԱԿ խմբակցությունը նախաձեռնելու է ստորագրահավաք, որպեսզի ԱԺ քառօրյայում արտահերթ կերպով քննարկվի 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.
«Ցանկանում ենք ևս մեկ անգամ և՛ մեր, և՛ միջազգային հանրությանը հայտնել, որ պահանջատեր ենք այդ սպանությունների բացահայտման հարցում: ԱԺ ոչ իշխանական խմբակցություններից արդեն ստացել ենք դրական պատասխան և նրանք խոստացել են աջակցել մեզ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
«Տեսեք, թե հիմա ինչ է կատարվում Ուկրաինայում: Այս հանձնաժողովի ստեղծումը նպատակ ունի ցույց տալ՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ երբեք Հայաստանում ցուցարարների, ժողովրդի դեմ որևէ կառավարություն, որևէ իշխանություն չկիրառի մահաբեր ուժ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Միաժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ եթե այս անգամ էլ ԱԺ մեծամասնությունը մերժի նախագիծը, ևս մեկ անգամ պարզ կլինի, թե ով է մեղավոր մարտիմեկյան դեպքերի մեջ.
«Իրենք հերթական անգամ ցույց կտան, որ այս սպանությունների պարտակման պատասխանատուն իրենք են»,- ասաց Զուրաբյանը: