21/02/2014 16:33
Սիրիահայ. ՀՀ-ում վաճառականությամբ զբաղվելն ավելի ձեռնտու է, քան արտադրելը
Հայաստանում վաճառականությամբ զբաղվելը ավելի ձեռնտու է, քան տեղում արտադրելը: Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հրավիրած հասարակական խորհրդի նիստի ժամանակ ասաց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի փոխտնօրեն Ալեքսան Քարադանայանը:
Նա նաև նշեց, որ Սիրիայում այլ մրցակցություն էր, Հայաստանում` այլ: Սիրիայում բնակչությունը շատ էր, ու թվում էր՝ դա խնդիր է, սակայն սիրիահայերը տեղափոխվելով Հայաստան հասկացել են, որ փոքր շուկայում բիզնեսով զբաղվելը կամ սկսելն ավելի դժվար է: «Հայաստանյան բիզնես խճանակարում` ավելի քիչ սպառողների մեջ շատ ավելի դժվար է մեր տեղը գտնել»:
Սիրիայում պետությունը նոր բիզնես սկսողներին առանց տոկոսի վարկեր էր տրամադրում և 3-5 տարով ազատում էր հարկերից, իսկ Հայաստանում ՓՄՁ ԶԱԿ-ը 4 տոկոսով է վարկեր տրամադրել սիրիահայ գործարարներին:
Սիրիահայերը նշում են, որ տեղում արտադրելու դեպքում ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ` հարկեր, տուրքեր, թղթաբանությունը, որը դժվարացնում է արտադրության գործընթացը:
Նա նաև կարծում է, որ պետությունը պետք է խթանի տեղական արտադրությունը, սիրիահայերի հույսը ՄՄ-ին անդամակցելն է, որի դեպքում ռուսական շուկան կբացվի, կբարելավվի մրցակցությունը. «Էժան կարտադրենք, դրանից կօգտվի սպառողը, իսկ մինչև այդ իրենց խնդիրները լուծելու համար սիրիահայերը որոշել են ընկերակցություն հիմնել»: