21/02/2014 17:32
Հրայր Թովմասյան. Քննչական կոմիտեն պետբյուջեի վրա ծանր չի նստի
Այսօր Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բոլոր անդամների միաձայն դրական քվերակությամբ «ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի» նախագիծն ու դրան հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը ընդգրկվեց ԱԺ մեծ և քառօրյա նիստերի օրակարգ:
Նույն հանձնաժողովում նախորդ քննարկումից հետո ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծում փոփոխություններ են կատարվել, որոնց մի մասը արդեն ներառվել են, իսկ մյուս մասը կներկայացվեն ԱԺ-ում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով՝ միասնական քննչական կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
«Պետք է միասնական դարձնել քննչական պրակտիկան, նրանց նյութական, տնտեսական բոլոր հնարավորությունները, քանի որ այսօր գործող հինգ քննչական կոմիտեները կարգավիճակով ու նյութական, սոցիալական երաշխիքներով էականորեն տարբերվում են միմյանցից: Այս խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ ու նրանց մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակով էլ կարիք կա մեկ քննչական կոմիտե ստեղծել», -ասաց նա:
Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Կարեն Ճշմարիտյանը հարցրեց՝ արդյոք ի՞նչ տրամաբանությամբ է կոմիտեի ղեկավարը նշանակվում վարչապետի ներկայացմամբ:
Հ. Թովմասյանը բացատրեց, որ ֆունկցիոնալ առումով ինքը անկախ մարմին է, բայց մնացած բոլոր առումներով նրա գործառույթը գործադիր ֆունկցիան է:
ԱԺ Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե արդյոք հաշվարկվե՞լ է, թե ինչ ծանրաբեռնվածություն է լինելու բյուջեի վրա: Հ. Թովմասյանը պատասխանեց, որ շենքային ձեռքբերումից բացի մեծ ծախսեր նախատեսված չեն:
«Այսօր նրանք տեղակայված են ոստիկանության բաժանմունքներում, ինչը ինքնուրույնության առումով ցանկալի չէ», -ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Քննչական կոմիտեի մասին օրինագծով՝ այն կձևավորվի հունվարին
Աղվան Հովսեփյանը կղեկավարի միասնական քննչական մարմնի հանձնաժողովը
Աղվան Հովսեփյան. Կունենանք խիստ մասնագիտացված քննիչներ