21/02/2014 17:51
Հրայր Թովմասյանը՝ Մարտի 1-ի հանձնաժողովի մասին. Ուրեմն անհրաժեշտություն կա
Եթե այդ մարդիկ հանդես են գալիս նման նախաձեռնությամբ, ուրեմն դրա անհրաժեշտությունը կա: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը՝ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ ինքը թեև նախորդ հանձնաժողովի գործունեության տարիներին նախարար չի եղել, սակայն գիտի, որ այդ հանձնաժողովը փորձել է անել ամեն հնարավորը:
«Ուզում եմ հավատալ, որ այդ մարդիկ ազնիվ են իրենց այս ցանկություններում, որ կան պարզաբանման ենթակա խնդիրներ, որոնք պետք է առաջին հերթին բացառեն երբևէ երկրում նման դեպքերի իրականացումը: Ավելին չեմ կարող ասել, որովհետև չեմ մասնակցել նախորդ հանձնաժողովների աշխատանքներին»,- ասաց Հ. Թովմասյանը:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ է նշանակում «ղալլաթ» բառը, որը նա ասել էր ոչ իշխանական խմբակցությունների հասցեին՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության համար, նա պատասխանեց.
«Ես ասացի, որ իրանք սխալ են անում: Ղալլաթը արաբերեն բառ է, որը նշանակում է չարաչար սխալվել: Վերցրեք Թումանյան ու կտեսնեք, թե ինչ կոնտեքստում է այդ բառը: Ղալլաթ նշանակում է անտեղի ժամանակ վատնող աշխատանք, որովհետև կա մեծամասնություն և ակնհայտ է, որ անվստահություն հնարավոր չէ հայտնել»,- ասաց Հ. Թովմասյանը:
Նախորդող հրապարակում՝ ՀԱԿ-ը ստորագրահավաք կսկսի՝ մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու համար