27/02/2014 14:00
Վազգեն Խաչիկյանի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց
«Վազգեն Խաչիկյանի և մյուսների» գործով այսօրվա դատական նիստի ընթացքում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկի որոշում է կայացրել:
Պաշտպանական կողմի փաստաբան Երվանդ Վարոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու հենց հիմա դատավորը իր և Վ. Խաչիկյանի ծանոթ լինելու հանգամանքը ինքնաբացարկի հիմք համարեց:
«Որոշումից պարզ է դառնում, որ նրանց ընկերությունը ունի երկար տարիների պատմություն, և ըստ օրենքի, դատարանը պետք է այդ մասին հայտներ գործը վարույթը ընդունելու ժամանակ, սակայն թե ինչու մի քանի ամիս անց այդ մասին ասվեց, կարող է պատասխանել միայն դատավորը»,-ասաց Ե. Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005թ. հունվարի 14-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 17-ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օգտվելով ծառայությունը կառավարելու իր լիազորություններից, մասնավորապես՝ այն, որ իր կողմից վերահսկվել է կենսաթոշակառուների կողմից կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու վերաբերյալ կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները Ծառայության վճարային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների կողմից վճարելու գործընթացը՝ Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:
Նախորդող հրապարակում՝ Վ. Խաչիկյանի փաստաբանը ծանոթացել է գործի նյութերի միայն մի մասին
Մանրամասներ պաշտոնեական կեղծիքի գործով. Հարցաքննվել է 7900 անձ
296 մլն դրամի արժեքով գրավ` «Վազգեն Խաչիկյանի գործով»