28/02/2014 17:50
Յանուկովիչը պատմեց, որտեղ էր 1 շաբաթ. «Եկել եմ Ռոստով՝ հին ընկերոջս մոտ»
Այսօր Դոնի Ռոստովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը վերջապես բացահայտեց, թե որտեղ էր գտնվում վերջին մեկ շաբաթվա ընթացքում և ինչ ճանապարհով է կարողացել հասնել Ռուսաստանի տարածք.
«Ուզում եմ ասել, որ ես չեմ փախել Ուկրաինայից: Նախ՝ փետրվարի 21-ին ես Կիևից գնացել եմ Խարկով: Գնացել եմ մեքենայով, որի վրա բազմաթիվ կողմերից կրակել են: Ես գնում էի Խարկով հանդիպելու մեր կուսակցության ակտիվի հետ: Երբ եկանք Խարկով, փետրվարի 22-ի առավոտից անվտանգության ծառայությունը սկսեց տեղեկատվություն ստանալ, որ Խարկով են գալիս ծայրահեղականների խմբեր, որոնց նպատակը ինձ վերացնելն է: Կասեմ, որ ինձ մոտ վախ չկար, մենք պետք է հետևեինք անվտանգության կանոններին: Որոշում կայացրեցի, որ իմ ադմինիստրացիայի ղեկավարն ու Գերագույն ռադայի նախագահը, ովքեր ինձ հետ Խարկովում էին, մեկնեն Դոնեցկ և այնտեղ համակարգեն մեր ակտիվը, իսկ ես մինչ այդ որոշեցի ուղղաթիռներով մեկնել Լուգանսկ, մենք մեկնեցինք երկու ուղղաթիռներով: Ռազմական դիսպետչերները՝ ենթադրելով, որ մենք ուղղաթիռներով Ռուսատան ենք գալիս, սպառնացին, որ եթե հետ չգնանք՝ օդ կբարձրացվեն կործանիչներ ու կստիպեն իջնել մեր ուղղաթիռներին: Օդաչուները որոշեցին ինձ հետ տանել Դոնեցկ: Այս իրավիճակից սկսեց իմ շարժումը Ուկրաինայով: Հետո ես ավտոմեքենայով հասա Ղրիմ: Ստացա զանգեր ընտանիքիս անդամներից, այն մասին, որ անգամ փոքր թոռանս ընդգրկել են իրենց «սև ցուցակներում»: Որդիս ասաց՝ ես այս իրավիճակում Ուկրաինայում մնալ չեմ կարող: Այսպիսին էր իրավիճակը: Հիմա ես Ռոստովում եմ, որովհետև այստեղից ոչ հեռու ունեմ հին ընկեր, ես եկել եմ, որ իր մոտ թաքստոց գտնեմ: Իսկ Ռուսաստան ես հասել եմ հայրենասեր սպաների օգնությամբ, ովքեր պահպանեցին կյանքս»,- իր անցած երկար ճանապարհը այսպես ներկայացրեց Յանուկովիչը:
Միաժամանակ նա նշեց, որ դեռ չի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«ՌԴ հասնելուց հետո միայն հեռախոսով եմ խոսել նրա հետ: Մենք պայմանավորվել ենք հանդիպել, հենց նա կկարողանա»,- ասաց Յանուկովիչը:
Ինչ վերաբորում է Ղրիմի ճակատագրին, Վիկտոր Յանուկովիչը նշեց, որ այն պետք է մնա Ուկրաինայի կազմում՝ պահպանելով լայն ինքնավարություն.
«Ղրիմում այսօր տեղի է ունենում Կիևում տեղի ունեցածի բնական պատասխան: Ինչ վերաբերում է Ռուսաստանից ռազմական օգնություն խնդրելուն՝ ես չեմ պատրաստվում դա նել: Կարծում եմ, որ ամեն տեսակի ռազմական գործողություններն այս իրավիճակում անթույլատրելի են»,- ասաց Յանուկովիչը:
Լրագրողներից մեկը Ուկրաինայի նախկին նախագահից հետաքրքրվեց՝ արդյոք նա չի ամաչո՞ւմ իր մեղքով ստեղծված այս իրավիճակի համար.
«Ամաչում եմ»,- պատասխանեց Յանուկովիչը՝ շարունակելով,- «Ավելին, ուզում եմ ներողություն խնդրել առաջին հերթին մեր վետերաններից ու ուկրաինացիներից: Ես հանդիպել եմ «Բերկուտի» հետ ու ներողություն եմ խնդրել նաև նրանցից: Հիմա նորից եմ ասում՝ ներողություն եմ խնդրում այն բանի համար ինչ կատարվեց: Ներողություն, որ ես ուժ չունեցա կանխել այն բարձիթողի վիճակը, որը հիմա իմ երկրում է»,- ասաց Վիկտոր Յանուկովիչը:
Նախորդող հրապարակում՝ Յանուկովիչ. Շարունակելու եմ պայքարել Ուկրաինայի ապագայի համար