01/03/2014 09:17
Այսօր ԲՀԿ-ն կապացուցի, որ չի կարող ընդդիմություն լինել
«Ժամանակը» գրում է. «Այսօր կայանալիք հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը երբեք չի կարող ընդդիմադիր, ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժ լինել։ Բանն այն է, որ ԲՀԿ-ն որոշել է անկախ հրավերի բացակայությունից մասնակցել Հայ ազգայյին կոնգրեսի կողմից այսօր հրավիրված հանրահավաքին, քանի որ «իրենք այնտեղ են, որտեղ կա ժողովուրդ»: Բայց այս անգամ իրենք կլինեն այնտեղ, որտեղ ղեկավար մասն է։
ԲՀԿ-ից հանրահավաքին մասնակցելու են ընդամենը մեկ-երկու հոգի՝ թերևս Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը, և կանգնելու են հարթակում։ Այս անգամ ԲՀԿ-ն ավտոբուսներով մարդ չի բերելու ՀԱԿ-ի հանրահավաքին, քանի որ Սերժ Սարգսյանն օրերս Գագիկ Ծառուկյանին շատ խիստ նկատողություն է արել ԲՀԿ-ի ակտիվության, միտինգներին, բողոքի ակցիաներին նրանց մասնակցության մասով։ Ծառուկյանին հասկացրել են, որ իրենք չեն կարող լինել այնտեղ, որտեղ ժողովուրդն է։ Վերջինս էլ, բնականաբար, սերտել է իրեն տրված դասը։ Եվ որպեսզի անհարմար դրության մեջ չհայտնվեն իրենց ընդդիմադիր գործընկերների առաջ, որոշել են, որ հանրահավաքին կապահովեն միայն ձեւական կողմը»։