01/03/2014 09:25
Բաղդասարովը ընդմիշտ լքել է Հայաստանը
«Հայկական Ժամանակի» տեղեկացմամբ` այլևս գործունեությունը դադարեցրած «Արմավիայի» աշխատակիցներն ահազանգում են, որ իրենց տեղեկությունների համաձայն, այդ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը ընդմիշտ լքել է Հայաստանը։ Աշխատակիցները նշում են, որ «Արմավիան» իրենց պարտք է հսկայական գումարներ։ Օրինակ՝ 40 օդաչուներից յուրաքանչյուրի նկատմամբ պարտքը կազմում է 6-ից 20 միլիոն դրամ, բորտուղեկցողներին՝ միջինը 2 միլիոնական դրամ և այլն։
«Արմավիայի» աշխատակիցները թերթին հայտնել են, որ Բաղդասարովը դեռ դեկտեմբերին վաճառել է իր երկու ինքնաթիռները, բայց ստացված գումարից չի վճարել իրենց պարտքերը։ Օրերս էլ նրանք տեղեկացել են, որ «Արմավիայի» գլխավոր գրասենյակը ազատվել է գույքից։ Եվ այս տեղեկությունները համադրելով՝ «Արմավիայի» աշխատակիցները լուրջ կասկածներ ունեն, որ Բաղդասարովը այլևս չի վերադառնալու։ Իսկ «Միկա լիմիթեդ» ընկերությունից հերքել են տեղեկությունները. թերթի թղթակցին հայտնել են, թե Բաղդասարովի աշխատանքային գրաֆիկում այցելությունները Մոսկվա սովորական են: