04/03/2014 10:59
«Առաջին ալիքը» չի ցուցադրել «Օսկարի»՝ Ուկրաինային վերաբերող հատվածը
Ռուսական «Առաջին ալիքը» «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ եթերից դուրս է թողել դերասան Ջարեդ Լետոյի ելույթի՝ Ուկրաինայի և Վենեսուելայի դեպքերին վերաբերող հատվածը: Այս մասին հաղորդում է Lenta.ru կայքը:
«Մինչ դուք պայքարում եք ձեր երեզանքների իրականացման, անհնարինի համար, մենք մտածում ենք ձեր մասին»,- մրցանակ ստանալուց հետո, իր շնորհավորական խոսքում ասել է դերասանը:
Նշենք, որ Լետոն հաղթել է «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Դալլասյան գնորդների ակումբ» ֆիլմում ունեցած դերի համար:
Նշենք, որ «Օսկար-2014» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 2-ին՝ Լոս Անջելեսում: «Առաջին ալիքը» պետք է ուղիղ եթերում հեռարձակեր մրցանակաբաշխությունը, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Ուկրաինայի դեպքերի պատճառով հնարավոր չէ փոփոխություններ մտցնել եթերային ծրագրում: Մրցանակաբաշխությունը ցուցադրվեց երկու հատվածով:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընդդիմադիրների ցույցերի արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն: Ոստիկանների և ցուցարարների բախումների արդյունքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, մահացավ 85 մարդ: Որոշ շրջաններ այդպես էլ չեն ընդունում նոր ձևավորված կառավարությունը:
Վենեսուելայում փողոքի բազմամարդ ցույցերը սկիզբ են առել փետրվարին: Ցուցարարները դժգոհում են երկարաձգվող տնտեսական ճգնաժամից, առաջին անհրաժեշտության իրերի բացակայությունից, գնաճից: Առճակատումների պատճառով մահացել է 15 մարդ: