04/03/2014 12:52
Ոչ պարենային ապրանքների շուկայում փետրվարին գրանցվել է 0.3% գնանկում
2014թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնանկում: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Գնանկումը պայմանավորվել է մշակույթի ապրանքների` 5.4%, կոշկեղենի` 1.1%, շինանյութերի` 0.9%, ոսկերչական ապրանքների` 0.9%, հագուստի և գործվածքի` 0.4%, վառելիքի` 0.4% գնանկումով: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Գեղահարդարման ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.2%-ով, լվացող միջոցներինը` 0.1%-ով:
Ոչ պարենային ապրանքախմբում գնաճ արձանագրվել է խոհանոցային սպասքի` 0.4%, դեղամիջոցների` 0.4%, այգեգործական ապրանքների` 0.5%, կահույքի` 0.6%, գորգեղենի` 0.6%, տեքստիլեղենի` 0.7%, կենցաղային էլեկտրաապրանքների`1.0%, գրենական պիտույքների` 1.1%, շուկայում:
2014թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ: Իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 1.5% և 0.4%-ով:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում այս տարի փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.1% գնանկում, իսկ մյուս 4-ում` 0.1-0.9% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.6%-ով: