04/03/2014 18:24
Վարդան Մինասյանը չի ափսոսում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը, ով մեր ընտրանին կգլխավորի Ռուսաստանի ընտրանու հետ վաղը կայանալիք ստուգողական խաղում (Բեռնար Շալլանդը դեռ չի անցել իր պարտականությունների կատարմանը-խմբ.), այսօր Կրասնոդարում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի ափսոսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու համար: Նա նաև խոստովանել է, որ այնքան էլ լավ ծանոթ չէ նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդի հետ:
«Ես երբեք չեմ ափսոսում իմ քայլերի համար: 4 տարի աշխատեցի Հայաստանի հավաքականում, դա մեծ ժամանակահատված է: Հիմա կկենտրոնանամ նոր աշխատանքի վրա: Այո, Կազանի «Ռուբինը» հետաքրքրվել է իմ ծառայություններով: Ի դեպ, ոչ միայն այդ թիմը: Բայց գործը խոսակցություններից այն կողմ չի անցել: Հիմա ես բանակցություններ եմ վարում ռուսաստանյան ակումբներից մեկի հետ:
Չեմ կարող ասել, թե որոնք են նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդի ուժեղ կողմերը: Մենք այնքան էլ երկար չենք շփվել: Եվ նրա ղեկավարած թիմերի խաղը չեմ տեսել»,- նշել է Վարդան Մինասյանը: