05/03/2014 09:47
Արտակարգ իրավիճակների նախարարությունն առանձին ավիաուղիներ կունենա
«Հայկական ժամանակի» տեղեկացմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ԱԻ ավիաուղիներ ստեղծելու նախագիծ է մշակել: «ՄԵՍ ԷՅՐ (MES AIR) անունով պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու որոշման նախագիծը ներկայացվելու է կառավարության դատին:
Նախարարությունը հայտնել է կառավարությանը, որ աղետների ռիսկերի տեսանկյունից Հայաստանի տարածքը բնութագրվում է ռելիեֆային կտրուկ հակադրություններով, մթնոլորտային ճնշումների մեծ տարբերությամբ, որոնք արտակարգ իրավիճակներում առաջացնում են խոչընդոտներ որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպմանը՝ ճանապարհների, կամուրջների անանցանելիություն, ջրամատակարարման ցանցի, էլեկտրամատակարարման ցանցի ավերածություններ և այլն:
Մեր աշխարահագրական դիրքը լուրջ խնդիր է հարուցում տրանսպորտային միջոցների օգտագործման համար: ՀՀ բոլոր մարզերում էլ առկա են ճանապարհատվածներ, որոնք ձմեռային ժամանակահատվածում դառնում են համարյա թե անանցանելի: Բացի այդ, նախագիծը հիմնավորվում է հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու մասին ՌԴ-ի հետ 2012-ին կնքած արձանագրության, տարածաշրջանային փրկարարական ուժերի միավորում ստեղծելու մասին ՀԱՊԿ-ի 2012-ի որոշման շրջանակներում ստանձնած պարտավորություններով, ինչպես նաև ՄԱԿ-ի INSARAG-ի պահանջներով:
Ըստ այդմ՝ երկիրը պետք է հնարավորություն ունենա ընդունելու և ուղարկելու փրկարարական թիմեր՝ իր ենթակայության տակ գտնվող օդանավակայանում և իր օդյաին տրանսպորտով: