05/03/2014 19:54
Ռուսաստան-Հայաստան` 2:0
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի ընտրանու հետ Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում և պարտվեց 0:2 հաշվով: 20-րդ րոպեին աչքի ընկավ Կոկորինը, իսկ 43-րդ րոպեին Կոմբարովը 11 մետրանոց հարվածով կրկնապատկեց հաշիվը:
Խաղը ցույց տվեց, որ ռուսները լավ են ուսումնասիրել մեր ընտրանուն և ոչ մի տարածություն չտվեցին մեր ֆուտբոլիստներին` գործողություններ իրականացնելու համար: Ռուսաստանյան թիմի կենտրոնական կիսապաշտպանների եռյակն աքցանների մեջ էր վերցրել Հենրիխ Մխիթարյանին, ուստի վերջինիս խաղը, չստանալով աջակցություն խաղընկերների կողմից, ընդամենը շրջափակումից դուրս գալու փորձ էր…
Երկրորդ` ռուս ֆուտբոլիստներն անընդհատ պրեսինգի էին ենթարկում մեր ֆուտբոլիստներին և նրանց ընդհանրապես զրկեցին կարճ փոխանցումներով խաղալու հնարավորությունից` ժամանակին փակելով հնարավոր փոխանցումների բոլոր ուղղությունները: Հայաստանի հավաքականի զինանոցում ոչ մի զենք չգտնվեց` դրան դիմակայելու և սեփական խաղը ցուցադրելու համար:
Իսկ դա, իր հերթին, ապացուցեց, թե որքան ճիշտ էր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի ընդունումը: Այս խաղն այդ տեսանկյունից վերջնականապես որոշիչ էր նույնիսկ նրանց համար, ովքեր դեռ վստահում էին նրան: Ակնհայտ դարձավ, որ Վարդան Մինասյանը պետք է շարունակի սովորել: Բայց հուսով ենք, որ այսպիսի խաղից հետո նրա բանակցությունները «ռուսաստանյան ակումբներից մեկի» հետ դրական ավարտ կունենան:
Վարդան Մինասյանն արդեն 62-րդ րոպեին ընդունեց իր թիմի պարտությունը, երբ փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին: Բարձրակարգ մարզիչները նույնիսկ վերջին վայրկյաններն են օգտագործում` խաղը փրկելու համար…