06/03/2014 14:47
Ապարան-Երևան ճանապարհը բաց է. Պետք ա՝ էլի 4 սուտկով կփակենք
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Արագածոտնի մարզի 7 գյուղի բնակիչնր այսօր փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը: Նրանք պահանջում են կասեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա ՀԷԿ կառուցելու շինարարությունը:
Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա և Եղվարդ գյուղերի բնակիչները համոզված են՝ ջրատարի վրա կառուցված ՀԷԿ-ը կզրկի նրանց ոռոգման ջրից:
«7 գյուղի ջուր կտրել՝ ՀԷԿ կառուցել՝ ո՞նց կլինի: 10 հազ հա հողը ուղղակի կչորանա»,- լրագրողների հետ զրուցյում ասացին գյուղացիները:
Նրանց հետ բանակցելու էր եկել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Արդյունքում որոշվեց, որ շինտեխնիկան կհեռացվի տարածքից:
«Էդ ՀԷԿ-ը չի սարքվելու: Հենց հիմա մենք գնում ենք մեր այգիներ՝ արդեն կառուցված մեխանիզմը հանելու: Խոսք են տվել, որ տեխնիկաները կհանեն: Չհանեցին՝ գալու ենք 4 սուտկա էլ լինի նստենք ճամփի վրա: Մեկ ա ՀԷԿ-ը, որ եղավ, մենք անգործ ենք մնում, ոչ այգի կարանք մշակենք, ոչ բան՝ կգանք ու օրերով կնստենք ճամփին»,- ասաց գյուղացիներից մեկը:
Իրավիճակը հանդարտեցնելու համար Արագածոտնի մարզպետը նշել է, որ շինարարությունն արդեն իսկ կասեցված է, սակայն գյուղացիները պնդում են՝ շինարարության տարածքում նոր խողովակներ են տեղադրվում:
Այս պահին Ապարան-Երևան ճանապարհը բացվել է, բայց գյուղերի բնակիչները խոստանում են վերադառնալ, եթե շինարարությունը չդադարեցվի:
Նախորդող հրապարակում՝ Գյուղացիները փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը. Պատճառը ՀԷԿ-ն է