06/03/2014 18:25
«Արմենիա վայնի» ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ն հետաձգվեց 3 տարով
ՀՀ կառավարությունը որոշել է «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017թ. մարտի 1-ը: Գործարանը հիմնադրվել է 2008 թվականին: 2010-ից սկսած ընկերությունն արտադրում է գինի, որը բացի ներքին շուկայում սպառվելուց նաև արտահանվում է: Հիմնադրման օրվանից մինչև օրս ընկերությունում կատարվել է մոտ 10 մլրդ դրամ ներդրում:
Այժմ «Արմենիա վայնը» կառուցում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրամաս, որի սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ գումարի վճարումը կառավարության որոշմամբ հետաձգվել է երեք տարով: Ներդրումային նոր ծրագրով Արագածոտնի մարզում կառուցվում է կոնյակի արտադրամաս, որը լինելու է խաղողի վերամշակումից մինչև պատրաստի կոնյակի թողարկման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների մի ամբողջ համալիր:
Կատարվելիք 2.57 մլրդ դրամի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի արտադրանքի ծավալը հասցնել տարեկան 4.7 մլրդ դրամի և ընդլայնել արտահանման ծավալը: Քսան նոր աշխատողների միջին աշխատավարձը կհասնի 188 հազար դրամի: