07/03/2014 09:53
Պարտադիր կուտակային վճարը չի կարող հարկի կարգավիճակ ստանալ
Ազգային Ժողովի Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե նման տեղեկությոն չունի, որ պարտադիր կուտակային վճարը կարող է հարկի կարգավիճակ ստանալ, և հավելել է, որ նման բան չի կարող լինել:
«Սիվիլնեթը»` հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ֆիննախում օրենսդրական նախագիծ է մշակվում, որով աշխատողներից պարտադիր գանձվող 5 տոկոս վճարը հարկի կարգավիճակ է ստանալու:
«Հարկի ձևով չի կարող լինել, քանի որ դա կփոխի կուտակայինի բոլոր սկզբունքները: Եթե դա հարկ է դառնում, ուրեմն քաղաքացու սեփականությունը չի կարող լինել: Այստեղ ամբողջ իմաստն այն է, որ այդ գումարը դառնում է քաղաքացու սեփականությունը ընդմիշտ, վճարման օրվանից, և նա կարող է օգտագործել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո: Սա է ամբողջ հոգեբանությունը: Ասում են՝ փողը քոնն է, և պետությունն էլ ավելացնում է նույնքան: Այսինքն, կփոխվի ամբողջ հոգեբանությունը: Դուք նոր երևույթի մասին եք խոսում»,- ասել է Հակոբ Հակոբյանը:
Իսկ եթե պարզվի, որ այդպես է լինելո՞ւ, թերթի թղթակցի հարցին Հակոբյանը պատասխանել է. «Եթե պարզվի, որ այդպես է, ես կասեմ, որ սխալ է, որ այդպես է: Եթե պարզվի»: