10/03/2014 15:56
Կ. Նահապետյան. Չպետք է մտածենք, թե ինչպիսի շահեր կունենան կոնկրետ անձինք
Ակախ նրանից, թե ով է ղեկավարելու նոր ստեղծվելիք քննչական կոմիտեն, շատ կարևոր է, թե ինչպիսի համակարգ է ձևավորում և ինչպիսի լիազորություններ է ունենալու այդ մարմինը: ՀՀ քննչական կոմիտեի մասին օրինագծի քննարկման ժամանակ խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
ՀՀԿ պատգամավորի հայտարարությունը վերաբերում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հատուկ քննչական կոմիտեն ստեղծվում է` նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքով ապահովելու համար:
«Մենք պետք է ձևավորենք նոր համակարգ, այլ ոչ թե մտածենք, թե ինչպիսի շահեր կունենան կոնկրետ, հավակնորդ անձինք այդ համակարգի ձևավորման արդյունքում»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Կ. Նահապետյանը հստակեցրեց, որ կան մեծ առանձնահատկություններ, ըստ որի էլ, քննչական կոմիտեն ձևավորվում է ընդամենը երկու գերատեսչությունների քննչական ծառայությունների հենքի վրա:
«Ես դրա անունը չեմ դնի միասնական քննչական մարմին, որովհետև դաշտում գործում են այլ քննչական մարմիններ ևս», - ասաց նա: