10/03/2014 18:53
Վարդան Պետրոսյանին կպաշտպանեն նաև ֆրանսիացի փաստաբանները
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի և նրա հարազատների ցանկությամբ՝ այս գործով ներգրավվել են Ֆրանսիացի փաստաբաններ:
Հարցին՝ ինչի՞ հետ է կապված այդ ցանկությունը, Ն. Բաղդասարյանը պատասխանեց. «Որևէ բանի հետ կապված չէ, դա իրենց ցանկությունն է` ունենալ մի քանի պաշտպան»,-ասաց նա:
Ն. Բաղդասարյանն ասաց, որ իր կարծիքով, դատաքննությունը լինելու է կարճ, սակայն բովանդակալից:
Փաստաբանը ասաց, որ ինքը միջնորդություն է ներկայացնելու դատական առաձին նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ Վ. Պետրոսյանի նոր փաստաբանները, որոնք Հայաստանում են լինելու մարտի 25-ին, պետք է ժամանակ ունենան՝ գործի նյութերին ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Գործը քննվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյանի փաստաբանը 500 հազար դրամ գրավ է առաջարկում
Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը կլինի մարտի 12-ին