12/03/2014 18:18
Աքրամ Այլիսլիին առաջադրել են Նոբելյան մրցանակի
Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի մարդաբանության և սոցիալական հետազոտությունների պրոֆեսոր Սերգեյ Աբաշինը բացատրել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին 2014 թ-ի Նոբելյան մրցանակի ւ առաջադրելու պատճառը:
Ադրբեջանական «Axar.az» կայքին տված հարցազրույցում նա ասել է, որ իր ստեղծագործություններում Աքրամ Այլիսլին աշխարհը չի բաժանում «ճիշտ ու սխալ» բևեռների:
«Կարծում եմ՝ ամենադժվար իրավիճակներում երկխոսություն ստեղծելու համար հարկավոր է աջակցել առաջ քաշված բոլոր նախաձեռնություններին: Դա օգնում է տեսնել աշխարհը ոչ թե սև-սպիտակ, այլ բոլոր գույներով: Նա աշխարհը չի բաժանում երկու մասի: Նա ստիպում է մեզ մտածել յուրաքանչյուրիս սխալ լինելու և մեր սեփական սխալները ուղղելու մասին: Ես Աքրամ Այլիսլիի ստեղծագործություններում հենց այս պաթոսն եմ տեսնում: Ճիշտ է, սա շատերի կողմից ճիշտ չի հասկացվելու և չի ընդունվելու: Բայց իմ կարծիքով, ամբողջ կյանքում ոչինչ չանելով հակամարտության մեջ ապրելու փոխարեն՝ ինչ-որ բան անելն ավելի լավ է: Գուցե, ես իրավացի չեմ, բայց ես այսպես եմ հասկանում իրադրությունը»,- ասել է Աբաշինը:
Նշենք, որ համաշխարհային մի շարք հասարակական գործիչներ, այդ թվում նաև Սերգեյ Աբաշինը, առաջարկել են ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին առաջադրել 2014 թվականի Նոբելյան մրցանակի՝ «Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման հարցում ցուցաբերած խիզախության համար»:
Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլին հայկական ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպի հեղինակն է: Գրքում, որը տպվել էր դեռևս 2012 թ-ի դեկտեմբեր ամսին «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում, հեղինակը ականատեսների վկայությամբ, վերարտադրել է Ադրբեջանի ԽՍՀ տարածքում հայաբնակ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների կողմից 1919թ-ին, ինչպես նաև՝ 1988-90 թթ-ին իրականացված վայրագությունները: Գրքի հրապարակումից հետո ադրբեջանական հասարակական և քաղաքական շրջանակները նախադեպը չունեցող արշավ են սկսել գրողի նկատմամբ՝ նրան մեղադրելով «ադրբեջանցիներին և թուրքերին խայտառակող ու նսեմացնող» գիրք գրելու, «դավաճանության», «սադրանքի» և այլ հանցագործությունների մեջ: