12/03/2014 16:32
Էկոնոմիկայի փոխնախարար. ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակվում է
«Հայաստան-ԵՄ համագործակցությունը և օրակարգը` միգուցե նոր շեշտադրումներով, այնուամենայնիվ շարունակվում է»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Փոխնախարարը նաև նշեց, որ շարունակվում է ԵՄ-ի Twinning, Taiex, SIGMA ծրագրերը, և պարբերաբար միջոցառումներ են տեղի ունենում, որոնք նաև թույլ են տալիս շահառու կառույցներին տեղեկացված լինել ԵՄ ծրագրերի գործիքների, նաև կիրակրման մեթոդների վերաբերյալ:
Գ. Մելքոնյանի փոխանցմամբ, միջոցառումների նպատակն է գործիքների կիրարկելիության մակարդակը բարձրացնել և այդ գործիքները Հայաստանում արդյունավետ օգտագործել, նաև կառույցներին ծանոթացնել ծրագրերի ներկա փուլին հետագա աշխատանքների շեշտադրումներին:
Twinning, Twinning SIGMA ծրագրերի շահառուները պետական մարմիններն են, իսկ տարվա վերջին սպասվող Անդրսահմանային աջակցության ծրագրի շահառուներն, ըստ փոխնախարարի, կարող են լինել այլ կազմակերպություններ:
ԵՄ գործիքներում կան նոր շեշտադրումներ` մասնավոր հատված, գյուղատնտեսություն, արդարադատություն, իսկ թե որքան է կազմելու ԵՄ-ի գումարային աջակցությունը իր գործիքների միջոցով` Գարեգին Մելքոնյանը չմանրամասնեց: