12/03/2014 11:59
Գյուղապետ. Ենթադրում ենք, որ Արսեն Խոջայանին սահմանի մոտից տարել են
Մարտի 7-ին Ադրբեջանում հայտնված Տավուշի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջայանի մասին դեռևս նորություններ չկան: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը.
«Դե, Կարմիր խաչը մեզ հետ ինչ կապվել, ճշտումներ ա արել՝ էդ ա: Ուրիշ նորություններ չկան հիմա»,- ասաց Կամո Չոբանյանը:
Գյուղապետը ենթադրում է, որ հնարավոր է` երիտասարդը ոչ թե մոլորվել է ու անցել սահմանն, այլ նրան սահմանի մոտից տարել են.
«Դե մենք մենակ ենթադրություն կարանք անենք, ու ես` դատելով իրա վերջին զանգերից, կարծում եմ, որ տարել են իրեն: Վերջին անգամ Արսենը զանգել ա գյուղ՝ իր ընկերոջն ու խնդրել ա, որ գա ոչխարներին նայի, որովհետև ինքը պետք է Մովսես գնա: Մովսես տանող ճանապարհն էլ սահմանին շատ մոտ է անցնում, հետն էլ մառախուղ էր: Մտածում եմ, որ կարող է իրեն նկատած լինեն, կրակով վախեցնեն ու տանեն»,- ասաց Կամո Չոբանյանն՝ ավելացնելով, որ տարօրինակն այն է, որ մի քանի օր է` անգամ ադրբեջանական լրատվամիջոցներն Արսենի մասին ոչինչ չեն գրում.
«Եթե Մամիկոն պապիի դեպքում անընդհատ գրում էին, հիմա լռում են ու դա տարօրինակ է: Բացի այդ իրանց մի հեռուստաընկերությամբ ասել են, որ Արսենը գնացել իրենց գյուղում մի աղջկա ա մոտեցել ու հեռախոսի զարյադ ա ուզել: Բայց դա ախր անհավանական բան ա: Չգիտեմ, սպասենք տեսնենք ոնց ա լինում»,- ասաց Կամո Չոբանյանը:
Նշենք, որ գյուղապետի խոսքով՝ Արսենից բացի Խոջայանների ընտանիքում կա ևս 6 երեխա.
«Արսենը տան մեծ երեխեն ա: Ինքն էր շատ հոգսեր հոգում»,- ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջայանին գերեվարել են այս տարվա մարտի 7-ին, Ադրբեջանի Թովուզ կայարանի տարածքից:
Նախորդող հրապարակումներ՝ Գերի ընկած Արսեն Խոջայանի հարցով սկսել է զբաղվել Կարմիր խաչը