12/03/2014 18:10
Վ. Պետրոսյանի գործով պաշտպան. Պաշտպանական կողմը փորձել է տապալել դատը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական առաջին նիստը այսօր հետաձգվել է՝ Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի չներկայանալու պատճառով:
Ավելի վաղ Ն. Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ինքը միջնորդություն է ներկայացնելու դատական առաջին նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ Վ. Պետրոսյանի նոր փաստաբանները, որոնք Հայաստանում են լինելու մարտի 25-ին, պետք է ժամանակ ունենան՝ գործի նյութերին ծանոթանալու համար, բացի այդ, ինքը այդ օրը մեկ այլ գործով պետք է մասնակցի դատական նիստին:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր ստացած տպավորությամբ, պաշտպանական կողմը փորձել է տապալել դատական նիստը:
«Որպես Վարդան Պետրոսյանի պաշտպաններ այս գործով ներգարավված են ևս 4 հոգի, 2-ն էլ ժամանելու են Ֆրանսիայից: Դատավորը դատարանում հնչեցրեց նրանց անունները, և Վ. Պետրոսյանը չհրաժարվեց նրանց ծառայություններից ու այս դեպքում անհասկանալի է, թե ինչու նրանք չէին ներկայացել դատարան և որևէ բացատրություն չէին ներկայացրել դատավորին դրա վերաբերյալ»,-ասաց նա:
Ռ. Բալոյանը նաև ասաց, որ ինքը այսօր Վ. Պետրոսյանին տեսնելուց հետո չի կարծում, որ նրա առողջական վիճակը վատ է:
Այս գործով որպես պաշտպան ընդգրկվածներից Ռոմեն Ահարոնյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը մասնակցել է նախաքննության որոշակի փուլում որոշ գործողություններին:
«Այո, ես կարող էի մասնակցել, սակայն դա իմ պարտականությունը չէր: Այս գործով պաշտպանը Նիկոլայ Բաղդասարյանն է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Գործը քննվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյանին կպաշտպանեն նաև ֆրանսիացի փաստաբանները