12/03/2014 18:26
Վարդան Պետրոսյանի և Հակոբյանների հարազատների 3-րդ հանդիպումը չի կայացել
Դերասան Վարդան Պետրոսյանի և Հակոբյանների հարազատների միջև ևս մեկ հանդիպում է եղել, սակայն երրորդը չի կայացել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարության պատճառով: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը:
«Իմ պաշտպանյալների հարազատների և Վ. Պետրոսյանի կողմի հետ ևս մեկ հանդիպում է եղել, ևս մեկն էլ պետք է կայանար նախօրեին, սակայն Հակոբյանների հարազատները հրաժարվել են այդ հանդիպումից այն բանից հետո, որ Նիկոլայ Բաղդասարյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ իրենք ունեն փաստեր, սակայն չեն հրապարակում դա տուժող Տաթևի շահերից ելնելով: Նրանք, կարծես, սրանով փորձում են խղճահարություն ստեղծել Տաթևի նկատմամբ և այսօր դատարանում էլ Արթուր Հակոբյանը ասաց ինձ, որ նրանք կարող են հրապարակել ցանկացած բան, իրենք վախենալու բան չունեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Գործը քննվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյանին կպաշտպանեն նաև ֆրանսիացի փաստաբանները