13/03/2014 10:23
Հակոբյանը, Մելքումյանն ու Սարգսյանը շարունակում են հետապնդել առաջատարին
Երևանում անցկացվող Եվրոպայի շախմատի անհատական 15-րդ առաջնությունը մոտենում է ավարտին: 9-րդ տուրում մեծ հետաքրքրություն էր առաջացրել 2 հայ առաջատար շախմատիստների` Վլադիմիր Հակոբյանի և Հրանտ Մելքումյանի դիմակայությունը, ովքեր իրենց ակտիվում ունեին 6 միավոր և առաջատարից` Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտիլևից հետ էին մնում 1 միավորով: Համառ պայքարն ավարտվեց ոչ-ոքի հաշվով և Հակոբյանն ու Մելքումյանը կիսեցին միավորը:
Մրցաշարի առաջատար Մոտիլևն իր հերթին ոչ-ոքի հաշվով ավարտեց հանդիպումն Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մոյիսենկոյի հետ: Այս տուրում հաղթանակ տոնեց հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը` առավելության հասնելով Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի` Արման Փաշիկյանի նկատմամբ: Այս մրցաշարում ոչ այնքան հաջող հանդես եկող Տիգրան Լևոնի Պետրոսյանը կարողացավ հաղթել Տիգրան Քոթանջյանին: Էլինա Դանիելյանն իր հերթին 1 միավոր վաստակեց Կարեն Հովհաննիսյանի հետ պայքարում, Լիլիթ Մկրտչյանն էլ հաղթեց Սուրեն Պողոսյանին:
9-րդ տուրից հետո 7 միավոր վաստակած Ալեքսանդր Մոտիլևը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6,5 միավորով 2-րդ և 3-րդ հորիզոնականներում են Թուրքիան ներկայացնող Սոլակ Դրագանն ու Իսրայելի ներկայացուցիչ Իլյա Սմիրինը: Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը վաստակել են 6 միավոր և մի խումբ շախմատիստների հետ միասին գտնվում են աղյուսակի 4-16-րդ հորիզոնականներում: