14/03/2014 17:00
ՏԿ նախարարի և ՀԷԿ-ի դեմ բողոքող գյուղացիների հանդիպում այսօր նախատեսված չէր
Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները և դրանց շրջանակում հանդիպումներ է նախատեսում նաև համայնքների բնակիչների հետ: Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն: Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից:
Իսկ տարածված տեղեկությունները, թե այսօր առավոտյան բնակիչների հետ պետք է հանդիպեր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նման հանդիպման հարց չի քննարկվել, և փոխվարչապետն այսօր Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին:
Միաժամանակ խնդիրն ուսումնասիրող հանձնաժողովն ափսոսանք է հայտնում տարաբնույթ շահարկումների և ապատեղեկատվության տարածման առնչությամբ, որոնք թյուրիմացության մեջ են գցում համայնքների բնակիչներին:
Նախորդող հրապարակումներ՝ ՏԿ նախարարը ՀԷԿ-ի դեմ պայքարող գյուղացիների հետ կհանդիպի երկուշաբթի օրը