14/03/2014 13:06
ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող 7 գյուղի բնակիչները կրկին բողոքում են
Արագածոտնի մարզում ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող 7 գյուղերի բնակիչները դարձյալ հավաքվել են Կարբի գյուղի մոտ: Նրանց են միացել նաև բնապահպան-ակտիվիստներ: Aysor.am-ի հետ զրույցում «Նախախորհրդարանի» անդամ, բնապահպան Եղիա Ներսիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ բազմաթիվ գյուղացիներ են հավաքվել:
«Հիմա սպասողական վիճակ է: Ասում էին Արմեն Գևորգյանը պիտի գա: Հիմա մենք էլ գյուղացիների կողքին սպասում ենք»,- ասաց Եղիա Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ գյուղացիների հետ դեռ ո՛չ մարզպետարանից, ո՛չ էլ կառավարական այլ մարմնից որևէ մեկը չի հանդիպել.
«Միայն տեղում են Աշտարակի ոստիկանության ներկայացուցիչները: Իրավիճակը հանգիստ է»,- ասաց Եղիա Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նախատեսվում էր կառուցել ՀԷԿ, որը ջուր էր վերցնելու Ապարանի ջրամբարից:
Կառուցվող ՀԷԿ-ին հարակից 7 գյուղերի բնակիչները ոտքի էին կանգել՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը: Նրանք վստահ են՝ ՀԷԿ-ը կվերցնի եղած բոլոր ջրային պաշարներն ու արդյունքում իրենց այգիներն առանց ոռոգման ջրի կչորանան:
Նախորդող հրապարակումներ՝ Գյուղացիները փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը. Պատճառը ՀԷԿ-ն է
Ապարան-Երևան ճանապարհը բաց է. Պետք ա՝ էլի 4 սուտկով կփակենք
Պատգամավոր. Ոստիկանապետը հանդիպել է ՀԷԿ-ի դեմ պայքարող գյուղացիներին