15/03/2014 17:01
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Տոպալովի հետ
Խանտի Մանսիյսկում ընթացող աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց Վեսելին Տոպալովի հետ: Դմիտրի Անդրեյկինը խաղաղ դաշն կնքեց Սերգեյ Կարյակինի հետ, իսկ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը պարտության մատնեց Շահրիյար Մամեդյարովին:
Այսպիսով` 3-րդ տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 1,5 միավոր: Անանդը վաստակել է 2,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրա մոտակա հետապնդողները` Կրամնիկն ու Սիդլերը, ովքեր 2-րդ տուրից հետո 1,5-ական միավոր են վաստակել, այսօր հանդիպում են առերես խաղում: Նրանց պարտիան առայժմ ընթացքի մեջ է:
Տոպալովը նույնպես 1,5 միավոր ունի: Նրան մեկական միավորով հաջորդում են Կարյակինն ու Անդրեյկինը, իսկ ադրբեջանցի Մամեդյարովը 0,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Ավելացնենք, որ վաղը մրցաշարում հանգստյան օր է հայտարարված: Մարտի 17-ին կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը կխաղա Սվիդլերի հետ: